«ՄԼ ՖԵՅՇՆ» նորություններ
26․08․2026 թվականին Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցավ «ՄԼ ՖԵՇՆ» ընկերության կողմից թողարկված պարտատոմսերի ցուցակման արարողությունը
26 օգոստոս, 2026
Ուրախ ենք տեղեկացնել, որ 26․08․2026 թվականին Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցավ մեր ընկերության կողմից թողարկված պարտատոմսերի ցուցակման արարողությունը։ Այսուհետ ներդրողները կարող են նաև պարտատոմսեր ձեռք բերել երկրորդային շուկայից՝ դիմելով ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունների։
Պարտատոմսերի ցուցակման արարողությանը մասնակցում էին «ՄԼ ՖԵՇՆ» ընկերության խորհրդի նախագահ Եղիշե Դանիելյանը, տարածաշրջանային տնօրեն Մարիամ Մելիքսեթյանը, «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը, Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը և այլ հյուրեր։
Ընկերության խորհրդի նախագահ Եղիշե Դանիելյանն իր խոսքում նշեց, որ ընկերությունը թևակոխել է զարգացման մի այնպիսի փուլ, որի շրջանակներում հնարավորություն ունի օգտվել ժամանակակից կապիտալի շուկայի այնպիսի ֆինանսական գործիքներից, ինչպիսին պարտատոմսն է։ Նա շեշտեց, որ պարտատոմսերի տեղաբաշխումը սահմանված ժամկետից շուտ ավարտելը խոսում է տեղաբաշխողի պրոֆեսիոնալիզմի մասին, ինչպես նաև ընկերության և վերջինի կողմից թողարկված պարտատոմսերի նատմամբ ներդրողների վստահության մասին։
«Ես կարծում եմ, որ մեր մուտքը կապիտալի շուկա այսքանով չի սահմանափակվի և հետագայում մենք հնարավորություն կունենանք հանդես գալ նաև ներդրումային նոր ծրագրերով»,- հավելեց նա։
Տարածաշրջանային տնօրեն Մարիամ Մելիքսեթյանն, անդրադառնալով ընկերության պատմությանը, նշեց, որ այն հիմնադրվել է 2017 թվականին և այժմ ներկայանում է 14 խանութ-սրահներով։ Նա շեշտեց, որ ընկերությունը շարունակում է ընդլայնվել և առաջիկայում պլանավորում է Վրաստանում ևս բացել նոր խանութ-սրահներ։
Ընկերության ներկայացուցիչները հավելեցին, որ պարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավված ֆինանսական միջոցներն ուղղվելու են ընկերության զարգացման ռազմավարությամբ սահմանված նպատակների իրականացմանը՝ խանութների ցանցի ընդլայնմանը և նոր ապրանքանիշերի ներգրավմանը:
Խոսքով հանդես եկան նաև «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը և Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
Ստորև՝ NEWS.AM լրատվականի անդրադարձը ցուցակման արարողությանը։
▶